Վերջին օրերին մամուլից կրկին անգամ տեղեկացանք Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ տեղեկությանը: Պաշտոնական լրատվության համաձայն մայիսի 23-ին, Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Հանդիպումների հիմնական թեման եղել է երկրների միջեւ ռազմական հարաբերությունների խորացումը: Հանդիպման ավարտին երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը, ինչպես նաև զարգացնելու են եռակողմ համագործակցության մեխանիզմները: Բացի դրանից կողմերը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ:
Նման հանդիպումը երեք երկրների նախարարների միջեւ արդեն թվով 5-րդ է, որից կարելի է եզրակացնել, որ երկրների միջեւ բավական ինտենսիվ է զարգանում ռազմական համագործակցությունը, որը կարող է հանգեցնել ինչ որ դաշինքի ստեղծման:
Դժվար է հասկանալ Վրաստանի ազգային շահը տվյալ համագործակցությունից, սակայն մի բան պարզ է, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանին ներքաշում են տարածաշրջանային ռազմական դաշինքի մեջ, ինչը ոչ մի կերպ չի բխում Վրաստանի ժողովրդի ազգային շահերից: Դա հասկանալու համար բավական է տեսնել լարված իրավիճակը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ պայթունավտանգ իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ու այս ամենի հետ մեկտեղ ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ տարածքում, որը 2008թ. ռուս-վրացական պատերազմի օրերին պահպանեց զսպվածություն ու չեզոքություն Վրաստանի նկատմամբ Հայաստանի իշխանությունների բարեկամական դիրքորոշման շնորհիվ:
Այս առումով Հայաստանը Վրաստանի կարեւոր գործընկերն է տարածաշրջանում խաղաղության ու հավասարակշռության պահպանման հարցում եւ չարաշահելով այս փխրուն կայունությամբ կարելի է վնասել Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը, ինչը չի բխում երկու երկրների ժողովուրդների շահերից:
Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական համագործակցության խորացումը չի կարող զսպման միջոց հանդիսանալ Ռուսաստանի համար, ինչին ձգտում է Վրաստանը, քանի որ դա ՆԱՏՕ-ի դաշինքը չէ որին ուզում է անդամակցել Վրաստանը իր անվտանգությունը ապահովվելու համար: Իսկ ավելորդ ռազմական դաշինքները, որոնք գլխացավանք են առաջացնելու Վրաստանի համար պետք չեն երկրին, հաշվի առնելով նաեւ լարված ու պայթունավտանգ իրավիճակը տարածաշրջանում:
Սամցխե-Ջավախքի հայությունը մշտապես լսելով Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին պատկերացնում է, որ թուրքական զինվորը մուտք է գործելու իր շրջան: Վրաստանի իշխանությունները այս ամենը քաջ գիտակցելով պետք է ճիշտ քաղաքականություն վարեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական հարաբերություններ մշակելիս, որպեսզի ջավախքում բնակվող հայը չնույնացնի ՆԱՏՕ-ի անդամակցելու մտադրությունը թուրք զինվորի ներկայության հետ: Հակառակ պարագայում երկրի քաղաքացիների մի զգալի հատվածը, որը սերտ բնակեցված է այս տարածաշրջանում դեմ է լինելու երկրի արտաքին քաղաքականությանը: Այս տեսանկյունից եւս պետք է զգույշ լինել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմական հարաբերություններ խորացնելիս:
Ամենայն հավանականությամբ Վրաստանը նախ ինքը իր մեջ պետք է հասկանա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալով հյուսիսատլանտյան դաշինք չէ այլ ընդամենը տվյալ դաշինքի խնդիրներով լի մի բարդ անդամ, որը իր սեփական խաղն է խաղում տարածաշրջանում:
Ռազմական համագործակցությունը կարելի է խորացնել միայն այն երկրների հետ որոնք իրականում չունեն տարածքային հավակնություններ քո երկրի նկատմամբ: Մինչեւ օրս կենդանի է պանթուրքիզմի գաղափարը Թուրքիայի քաղաքական վերնախավի մոտ: Թուրքիան իր երկրի ներսում ամենուր խոսում է Բաթումիի թուրքական պատկանելության մասին, իսկ նման հանդիպումների ժամանակ տարածքային ամբողջականությունը պաշտպանող հայտարարություններ անում: Ավելորդ է մշտապես հիշեցնել թուրք-ադրբեջանական աճող մարդկային ու տնտեսական էքսպանսիայի մասին Վրաստանում: Վրաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածք, որը մի կողմից միջանցիկ նշանակություն ունի եւ մյուս կողմից Հայաստանը կղզիացնելու հարմար երկիր է հանդիսանում: Հարեւանների այդ ծրագիրը շատ լավ գիտակցում է նաեւ Հայաստանը: Եւ այս առումով չափազանց վտանգավոր է տվյալ երկրների հետ Վրաստանի հարաբերությունների խորացումը, քանզի կարող է գալ այնպիսի պահ որ հետ կանգնել այլեւս դժվար լինի եւ այդ ժամանակ իրավիճակը դուրս է գալու վերահսկողությունից:
Տվյալ իրավիճակում այլեւս ընդմիշտ կարելի է մոռանալ ՆԱՏՕ-ի անդամակցության մասին, քանզի այդ դաշինքը կխուսափի իր շարքերը ներառել խնդիրներով լի երկիր, որը կամա թե ակամա մաս է կազմում տարածաշրջանային լարվածության ու կոնֆլիկտների:
ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանը ոչ միայն պարտադիր չէ որ զարգացնի ու խորացնի ռազմական հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այլ նաեւ ցանկալի է, որ խուսափի նման հարաբերությունների խորացումից, քանզի տվյալ հարաբերությունները ոչ միայն ոչինչ չեն տալու մեր երկրին այլ նաեւ ինչպես տեսանք ավելացնելու են լարվածությունը տարածաշրջանում: Նաեւ պետք է տեսնել մի հասարակ ճշմարտություն, որ Վրաստանի գլխավոր դաշնակիցները, որոնք են ԱՄՆ ու ԵՄ-ը ամեն կերպ զգուշություն ու հեռավորություն են պահում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում, չնայած, որ նույն պահին Թուրքիան իրենց ռազմաքաղաքական դաշնակիցն է համարվում:
Այս փոքրիկ տարածաշրջանում Վրաստանի ազգային շահերի իրական դաշնակիցը կարող է լինել Հայաստանը: Հայաստանը հարմար երկիր է Ռուսաստան-Վրաստան լարվածության թուլացման համար, եթե նման անհրաժեշտություն զգացվի: Այն նաեւ չի իրականացնում եւ չի էլ կարող իրականացնել Վրաստանում տնտեսական ու մարդկային էքսպանսիա: Հայաստանը շրջանում Վրաստանի միակ քրիստոնյա հարեւանն է ում հետ դարավոր մշակութային կապեր եւ բարիդրացիական սերտ հարաբերություններ ունի Վրաստանը: Այսպիսով կարելի է մեկ անգամ եւս եզրակացնել, որ չնայած տարբեր արտաքին քաղաքականության վեկտորների Հայաստանի եւ Վրաստանի ազգային ու պետական անվտանգությունը սերտ կապված է միմյանց հետ եւ ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանն եւ Թուրքիան ներքաշեն Վրաստանին նոր ռազմաքաղաքական դաշինքի մեջ:
Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն