Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակում է պահպանվել. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել 02.08.2022 . Արցախ

Լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակում է պահպանվել. Արցախի նախագահն ԱԽ ընդլայնված նիստ է հրավիրել
		02.08.2022 . Արցախ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ:

Քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը:

Զեկուցմամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Նախարարի խոսքով՝ լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակում է պահպանվել, և Պաշտպանության բանակը տիրապետում է իրավիճակին՝ առանց մարդկային ու դիրքային կորուստների:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքին: Ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում ձեռնարկվելիք քայլերը, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 1-ին ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել: