Հայաստանն ու Վրաստանը կուժեղացնեն անդրսահմանային արձագանքումը բնական եւ մարդածին աղետներին

Հայաստանն ու Վրաստանը կուժեղացնեն անդրսահմանային արձագանքումը բնական եւ մարդածին աղետներին

Հայաստանն ու Վրաստանը կուժեղացնեն անդրսահմանային արձագանքումը բնական եւ մարդածին աղետներին: Այս մասին նշվել է Վրաստանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի եւ Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հանդիպման ժամանակ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությունում էին ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Տոնոյանը հանդիպել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում  երկու պետությունների միջեւ համագործակցության խորացման եւ աղետներին համատեղ արձագանքելու հնարավորությունները: Գեորգի Մգեբրիշվիլին նախարար Տոնոյանին է ներկայացրել Վրաստանի ՆԳՆ-ի գործունեությունը քաղպաշտպանության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության արդիականացման եւ չափորոշիչների մշակման 5-ամյա ծրագիրը:

Ներկայացնելով արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցության զարգացման հեռանկարների հայկական կողմի տեսլականը՝ ԱԻ նախարարը վստահություն հայտնեց, որ հանդիպումից հետո երկու պետությունների միջեւ համագործակցությունը եւ համատեղ արձագանքումն արտակարգ իրավիճակներին կդառնա առավել սերտ եւ արդյունավետ:

Իր խոսքում նախարար Տոնոյանը նշել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել մի շարք միջազգային կառույցների հովանու ներքո ուժեղացնել հայ-վրացական անդրսահմանային արձագանքումը բնական եւ մարդածին աղետներին, ինչը կնպաստի երկու պետությունների բնակչության դիմակայունության բարձրացմանը:

ԱԻ նախարարը Վրաստանի ՆԳ նախարարի ուղեկցությամբ այցելել է նաեւ Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալություն եւ համատեղ գործողությունների կենտրոն՝ ծանոթանալու վերջիններիս գործառույթներին եւ տեխնիկական հագեցվածությանը:

news.am