Հայկական սփյուռքը կարող է օգտակար լինել Վրաստանին

Հայկական սփյուռքը կարող է օգտակար լինել Վրաստանին

Մի քանի ամիս առաջ վրացական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ հայկական սփյուռքը կարող է օգտակար լինել Վրաստանին Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ ինտեգրման ճանապարհին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայկական սփյուռքը ունի մեծ քաղաքական եւ ֆինանսական հնարավորություններ աշխարհի տարբեր երկրներում: Այն լավ կազմակերպված է, եւ որոշ չափով ունի հնարավորություն ազդելու տարբեր երկրներում ընդունվող որոշումների վրա: Դա պայմանավորված է նրանով, որ սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները եւ հայ հասարակությունը բավականին լավ կազմակերպված են եւ գրագետ ձեւով աշխատում են իրենց պետությունների  իշխանությունների եւ միջազգային ազդեցիկ կազմակերպությունների հետ:

Սփյուռքի հզոր պոտենցիալը մինչ օրս լիովին չի օգտագործում Հայաստանի Հանրապետությունը, չնայած, որ այս իրավիճակում եւս սփյուռքը հսկայական քաղաքական ու տնտեսական օժանդակություն է իրականացնում Հայաստանի համար:

Ինչ վերաբերվում է Վրաստանին՝ ապա հարկ է նշել, որ հայկական սփյուռքը նախ եւ առաջ Վրաստանին կարող է օգնել Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի  լիարժեք անդամ դառնալու ճանապարհին, ինչպես նաեւ մեծ ներդրումներ իրականացնել Վրաստանի տնտեսության մեջ:

Այստեղ ակնհայտ մեծ է Վրաստանի շահը, սակայն այդ դեպքում, որն է հայկական սփյուռքի շահը: Նախ անհրաժեշտ է հասկանալ սփյուռքի գործոնի դերը հայոց պետականության կայացման գործում: Սփյուռքը տարբեր զարգացած ու ժողովրդավարական երկրներում լուրջ աշխատանք տանելով պայքարել է Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար: Արդյունքները երեւում են անզեն աչքով: Հայոց Ցեղասպանությունը  ճանաչել եւ դատապարտել են տասնյակ ժողովրդավարական երկրներ, իսկ Արցախի հարցում միջազգային հանրությունը ունի հավասարակշռված մոտեցում: Դրանից բացի ԱՄՆ-ն պետական բյուջեից ամեն տարի ուղիղ ֆինանսական օժանդակություն է իրականացնում Արցախին: Նույն ժամանակ ԱՄՆ-ի մի քանի նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը եւ ԼՂՀ-ն վաղուց մշտական ներկայացչություն ունի ԱՄՆ-ի մեջ:

Հարկ է նշել, որ միջազգային հանրությունը ուղիղ հակառակ դիրքորոշում ունի Վրաստանի օկուպացված տարածքների նկատմամբ, համարելով դրանք Վրաստանի անխախտելի մաս: Նույն ԱՄՆ-ն  ոչ մի օժանդակություն չի ցուցաբերի այն երկրներին, որոնք աջակցելու են Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի ինքնահռչակ հանրապետություններին:

Այժմ մի փոքր սփյուռքի նպատակների մասին: Հայկական սփյուռքի հիմնական նպատակը եղել է վերականգնել պատմական արդարությունը եւ վերադարձնել պատմական հայրենիքի սահմանները հայ ժողովրդին: Դրա կարեւորագույն պայմանն է հզոր ու անվտանգ Հայաստան ունենալը: Իսկ հզոր ու անվտանգ Հայաստան ունենալ կարելի է միայն պաշտպանված սահմաններով:

Վրաստանի թուրքացումը եւ Հայաստանին սահմանակից Սամցխե-Ջավախքի հայաթափումը ուղակի վտանգ են ներկայացնում ՀՀ անվտանգությանը ու ինքնիշխանությանը: Վրաստանը Հայաստանի համար միակ ելքն է դեպի քրիստոնյա երկրներ եւ այս շրջանում թուրքերի ակտիվությունը ուղակի վտանգ է ներկայացնում Հայաստանի ու հայկական սփյուռքի ազգային շահերին: Դա սպառնալիք է նաեւ Վրաստանի ազգային շահերին: Եւ այս առումով հիանալի համագործակցության առիթ կա հայկական սփյուռքի հետ, որը գիտակցելով այդ ամենը ոչ մի կերպ չի ցանկանում, որ Վրաստանը հայաթափվի եւ հայտնվի թուրքական ազդեցության ներքո:

Անգամ հսկայական Եվրոպան խուսափում է թուրքական ներհոսքից, համարելով դա ազգային անվտանգության խնդիր: Էլ ինչ խոսք կարող է լինել Թուրքիայի ու Ադրբեջանի արանքում մի փոքրիկ քրիստոնյա Վրաստանի մասին, որին թուրքացնելը տեւելու է ընդամենը մի քանի տասնամյակ:

Այս իրականությունից ելնելով ինչ դրական դերակատարություն է կարող ունենալ հայկական սփյուռքը: Նախ հնարավոր է, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները տեսնելով լավ պայմաններ եւ շահագրգռվածություն ցանկանան ներդրումներ անեն Վրաստանում եւ մասնավորապես Ջավախքում: Դա կթուլացնի թուրքական ազդեցությունը Ջավախքում եւ կնպաստի հայապահպանությանը: Ջավախքահայությունը Վրաստանի հատուկ ծառայությունների համար այլեւս չի դիտարկվի որպես ռուսական ազդեցության գործոն, որը իրականում թյուրիմացություն է: Այլ կամաց-կամաց կընկալվի որպես թուրքերին հակակշիռ գործոն եւ հնարավոր կապ հայկական սփյուռքի լոբբիստական կազմակերպությունների հետ, որոնք մեծ ներդրում կարող են ունենալ Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման գործում: Դրանով իսկ սփյուռքը բարենպաստ պայմաններ կստեղծի ապագայում Հայաստանի եվրոինտեգրման համար, եթե դրա կարիքը հանկարծ հասունանա:

Բավականին վերջերս Ախալցխա այցելեցին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը, Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանը, գեներալ Արշալույս Փայտյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը եւ մի խումբ համշենահայեր: Այս փոքրիկ հավաքը Ախալցխայում, որը բավականին լուրջ քաղաքական ուղերձ էր Վրաստանի իշխանություններին կազմակերպել էր Արցախյան ազատամարտիկ, ծնունդով Ախալցխացի Էդուարդ Էնֆիաջյանը, որը ներկայումս ապրում է ԱՄՆ-ում եւ իր ընկերների հետ միասին ամեն կերպ փորձում է օգտակար լինել մեր հայրենակիցներին: Նրա կողմից Ախալցխա կազմակերպած այցելության նպատակը այն էր, որ Վրաստանի իշխանությունները տեսնեն, որ հայկական սփյուռքը անտարբեր չէ Սամցխե-Ջավախքում բնակվող հայերի ճակատագրով: Պատահական չէ, որ Զարեհ Սինանյանը հենց քաղաքապետարանում Գլենդելի քաղաքային խորհրդի անունից պատվոգրեր հանձնեց Ախալցխայի մի շարք քաղաքական ու հասարակական գործիչների:

ԱՄՆ-ից Ախալցխա այցելած պատվիրակության մեջ ինչպես նշեցինք ներկա էր նաեւ Policy Forum Armenia կենտրոնի ղեկավար` Դավիթ Գրիգորյանը, ով Վաշինգտոնում աշխատում է Միջազգային Արժույթի Հիմնադրամում: Եւ նման հայեր դեռ ինչքան կան, որոնք աշխատում են տարբեր միջազգային խոշոր կազմակերպություններում ու պատրաստ են այցելել Ջավախք եւ իրանց խորհուրդներով ու հեղինակությամբ դրական ազդեցություն ունենալ Վրաստանի ներքին ու արտաքին կապերի ամրապնդման համար:

Հայերի վերոնշյալ այցելությունը Ախալցխա տարբեր երկրներից կարծես համահայկական խորհրդաժողովի նման մի փորձ լիներ, որը իր մեջ հավաքեց հայերի սփյուռքից, Համշենից, Ջավախքից ու ՀՀ-ից: Անկասկած հուլիսի 2-ից 4-ը տեւած հանդիպումը չի եզրափակվելու այդքանով: Դրա արձագանքի մասին մենք դեռ կիմանանք ամիսներ անց ԱՄՆ-ից,  Համշենից, Հայաստանից ու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից: Տվյալ հրաշալի միջոցառման շնորհիվ մեկ անգամ եւս լավ հնարավորություն է առաջացել հզոր կապեր ձեւավորել սփյուռքի եւ Ջավախքի միջեւ: Դրանից բացի հնարավորություն կա տնտեսական ու մշակութային կապեր ձեւավորելու համշենահայության եւ ախալցխահայության միջեւ: Այս հանդիպումների ընթացքում նոր որակի բարձրացան նաեւ կապերը հայ հասարակության ներկայացուցիչների եւ տեղական իշխանության ազդեցիկ անհատների միջեւ:

Նման կապերի ամրապնդման ու զարգացման համար այս տեսակի միջոցառումները Ախալցխայում պետք է մշտական ամենամյա բնույթ ստանան եւ ամեն տարի արդեն եղածների ուղեկցությամբ Ջավախք այցելեն հայկական սփյուռքի նորանոր դեմքեր, որոնք միայն իրենց այցելությամբ արդեն կարող են դրական միջավայր ձեւավորել Վրաստանում ջավախքահայության համար եւ նպաստել հայ-վրացական հարաբերությունների զարգացմանը:

Անկասկած նման կապերի հնարավորությունից պետք է օգտվեն նաեւ Վրաստանի իշխանությունները: Օրինակ եթե ցանկություն լինի հնարավոր է նման կապերի շնորհիվ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը եւ Ախալցխան քույր քաղաքներ դառնան, ինչից անկասկած շահելու են ինչպես Վրաստանի իշխանությունները, այնպես էլ Ախալցխայի հայերը: Կամ այն կոնգրեսմենները ու սենատորները, որոնք հայկական սփյուռքի ուղեկցությամբ այցելում են Արցախ, հնարավոր է այցելեն նաեւ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Եթե նման մակարդակի այցելությունները մեր սփյուռքահայերի օգնությամբ իրոք իրականություն դառնան, ապա կարելի է ենթադրել, որ Ջավախքում լուծում կգտնեն բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին երկար տարիներ ապարդյուն բարձրաձայնում է ջավախքահայությունը:

Ջավախքը կամուրջ պետք է դառնա ոչ միայն Հայաստանի ու Վրաստանի միջեւ, այլ նաեւ հզոր քաղաքական պոտենցիալ ունեցող մեր հայկական սփյուռքի միջեւ:

 

Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն