Նոյեմբերի 7-14-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 664 զանգ, որից 17-ը՝ տեխնածին, 21-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Նոյեմբերի 12-ին ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ մեկ կանչ է գրանցվել. Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Հայկազովի կամրջի մոտ բեռնատար ավտոմեքենան բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին: Մարմանական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 12 քաղաքացի: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել մեքենաները և տուժածներին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, այնուհետև ոստիկանների ու շտապ բժշկական օգնության բժիշկների օգնությամբ տեղափոխել բուժհաստատություն: Բոլորի առողջական վիճակը կայուն է:
Ջերմաստիճանի նվազմամբ պայմանավորված՝ շաբաթվա ընթացքում կտրուկ նվազել է նաև հրդեհների վերաբերյալ կանչերը, փոխարենն ավելացել է բնակելի հատվածում հրդեհների բռնկման և շմոլ գազով թունավորումների ռիսկերը:
ԱԻ ծառայությունը հորդորում է բնակիչներին ցուցաբերել զգոնություն և կանխել դժբախտ ելքով դեպքերը: Ծառայությունը խորհուրդ է տալիս պարբերաբար ստուգել գազի սարքերի աշխատանքն ու ջեռուցման սարքավորումները, հաճախակի օդափոխել սենյակները։
Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն արձագանքել են ստացված բոլոր կենցաղային և տեխնածին բնույթի ահազանգերին՝ կատարելով փակված 4 դռան և 1 վերելակի բացում, առողջական խնդիր ունեցող 6 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել են բժշկական հաստատություններ:
Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 6 ելք:
Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժի ապահովման, ինչպես նաև կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 7 ելք: Հայտնաբերվել է 160 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
ԱԻ պետական ծառայությունը շարունակում է 24-ժամյա համակարգված աշխատանք իրականացնել Հանրապետության ողջ տարածքում, ապահովելով բնակչության անվտանգությունը՝ հոգեբանական աջակցությունից մինչև մարդկային կյանքի փրկություն: