Պատասխանատուները պետք է քայլեր ձեռնարկեն Լաչինի միջանցքով երթևեկությունը շտապ վերականգնելու համար. Միյատովիչ

Պատասխանատուները պետք է քայլեր ձեռնարկեն Լաչինի միջանցքով երթևեկությունը շտապ վերականգնելու համար. Միյատովիչ



Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Ես մտահոգված եմ, որ մարդկանց տեղաշարժի տևական խափանումները, որոնք խանգարում են ոմանց հասնել իրենց տները, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, ներառյալ՝ պարենի մատակարարումն ու անհետաձգելի բուժօգնությունը, սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից Մարդու իրավունքների իրացմանը»,- նշված է հանձնակատարի հայտարարության մեջ:
Միյատովիչի խոսքով՝ հասարակական կարգի պահպանման և միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհով երթևեկությունը շտապ վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության սրումից։
«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր շրջաններում և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար: Ինչպես ես նշել եմ իմ 2021 թ. հայտարարությունում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր համապատասխան սուբյեկտներին, ներառյալ՝ իմ գրասենյակը, հասանելիություն ունենալ մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին»,- ընդգծել է Միյատովիչը:

Նա պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու մեծ ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին և համագործակցելու բոլոր կողմերի հետ: