Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ 04.07.2023 . Տարածաշրջան

Իրանը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ
		04.07.2023 . Տարածաշրջան


Իրանը կանդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Որոշումն ընդունվել է կազմակերպության 23-րդ գագաթնաժողովում, որը նախագահել է Հնդկաստանը։ Այսպիսով՝ Թեհրանը դարձել է միջպետական ասոցիացիայի 9-րդ անդամը։ ՇՀԿ-ի անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը։

Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների առցանց հանդիպման ժամանակ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Թեհրանին ՇՀԿ ընդունելու համար: Իրանի նախագահը նշել է, որ դա տնտեսական զարգացման նոր հեռանկար է բացում երկրի առաջ և թույլ տալիս ամրապնդել երկրի անվտանգությունը: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կընդլայնի գործակցությունը Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման գործում։

Գագաթնաժողովի մասնակիցները հուշագիր են ստորագրել նաև կազմակերպությանը Բելառուսի անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին: Այսօր Բելառուսը հանդիպմանը մասնակցել է որպես դիտորդ:

Իսկ գագաթնաժողովի ավարտին ընդունված համատեղ հռչակագրով ՇՀԿ երկրները հայտարարել են, որ կազմակերպության գործունեությունն ուղղված չէ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների դեմ և բաց է ավելի լայն գործակցության համար։

«Անդամ պետությունները հաստատում են, որ ժողովուրդները պետք է ինքնուրույն ընտրեն իրենց քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման ուղիները, շեշտում են, որ միջազգային հարաբերությունների կայուն զարգացման համար երկրները պետք է հարգեն մեկը մյուսի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, չմիջամտեն միմյանց ներքին գործերին, անընդունելի են համարում ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը»,- ասված է հռչակագրում։

ՇՀԿ անդամները ընդգծել են երկրների միջև առկա տարաձայնությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, նաև նշել, որ միակողմանի տնտեսական պատժամիջոցներն անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ։ Կազմակերպության երկրները կոչ են արել փոխադարձ հաշվարկներում ավելացնել ազգային արժույթներով գործարքների մասնաբաժինը։