Բելառուս տեղափոխված «Վագների» ավելի քան 100 մարտիկ տեղակայվել է Լեհաստանի և Լիտվայի սահմանին. Մորավեցկի

Բելառուս տեղափոխված «Վագների» ավելի քան 100 մարտիկ տեղակայվել է Լեհաստանի և Լիտվայի սահմանին. Մորավեցկի



Բելառուս տեղափոխված «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ավելի քան 100 մարտիկ տեղակայվել է Լեհաստանի և Լիտվայի սահմանին՝ հայտարարել է Լեհաստանի վարչապետը:
Մատեուշ Մորավեցկու խոսքով՝ դա իր երկրի նկատմամբ նոր հիբրիդային հարձակմանն ուղղված քայլ է և Լեհաստանում ու Եվրամիության տարածքում լարվածություն առաջացնելու փորձ: Պաշտոնյան նաև քննադատել է ընդդիմադիր «Քաղաքացիական հարթակ» կուսակցությանը՝ Ռուսաստանի նկատմամբ բավականաչափ կոշտ քաղաքականություն չվարելու համար։

Ավելի վաղ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բելառուսի տարածքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, Բելառուսի զինված ուժերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են անցկացվում: Գերատեսչությունը զգուշացրել էր, որ լեհական կողմը որոշել է ի պատասխան լրացուցիչ զորքեր տեղակայել Բելառուսի հետ սահմանին: