ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի հետ տարանցիկ հաղորդակցության հեռանկարների մասին

ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի հետ տարանցիկ հաղորդակցության հեռանկարների մասին

Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի, Հարավային Օսիայի և Վրաստանի տարածքով ավտոմոբիլային ու երկաթուղային կապերի բացումը բավական հասանելի է, ասել է ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի, Հարավային Օսիայի ու Վրաստանի տարածքով տարանցիկ հաղորդակցության խնդիրները պարբերաբար քննարկվում են Երևանի հետ շփումներում՝ հաշվի առնելով Հայաստանի օբյեկտիվ շահագրգռվածությունը լրացուցիչ տրանսպորտային միջանցքների բացման հարցում, որոնք կմիացնեն մեր երկրները Ռազմավիրական ճանապարհի հետ։ Համոզված ենք, որ դա կնպաստի տարածաշրջանի տրանսպորտային-լոգիստիկ և տարանցիկ ներուժի բացահայտմանն ու կաշխատի հօգուտ Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերի։ Կարծում ենք, որ այս հարցի լուծումը միանգամայն իրագործելի է, եթե բոլոր շահագրգիռ կողմերն առաջնորդվեն պրագմատիկ շահերով և հաշվի առնեն տարածաշրջանում առկա իրողությունները»,- ասել է դիվանագետը։
Գոնչարը հիշեցրել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից մեկը և առանցքային գործընկերն Անդրկովկասում։ Մոսկվայի և Երևանի փոխգործակցության լոկոմոտիվը մշտապես հանդիսանում է վստահության վրա հիմնված՝ երկու երկրի առաջնորդների երկխոսությունը, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների միջև ինտենսիվ շփումները, նաև խորհրդարանական կապերը:
ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրենը նշել է, որ Ռուսաստանը պատրաստվում է հյուպատոսություն բացել Սյունիքում: Նրա խոսքով՝ այդ հարցով սեպտեմբերին ՌԴ դիվանագետները կայցելեն Կապան: «Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ իրականացնում ենք ակտիվ աշխատանք: Այդ նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները՝ Մոկսվայում մայիսի 25-ին կայացած հանդիպման ժամանակ: Սեպտեմբերին տարածաշրջան կայցելեն մեր դիվանագետները, որոնք տեղում կզբաղվեն օպերատիվ հարցերի լուծմամբ»,- նշել է Գոնչարը: