Ֆրանսիայի դպրոցներում կարգելվի մուսուլմանական աբայա կրել

Ֆրանսիայի դպրոցներում կարգելվի մուսուլմանական աբայա կրել



Ֆրանսիայի դպրոցներում կարգելվի կրել մուսուլմանական ավանդական հագուստը՝ աբայան։ Այս մասին կիրակի հայտարարել է երկրի կրթության նախարարը, գրում է Euronews-ը։
Աբայան երկար թևքերով կանացի հագուստ է՝ առանց գոտու:
«Չի կարելի դասարան մտնելիս աշակերտների տեսքից որոշել, թե ինչ կրոն են նրանք դավանում»,- ասել է Գաբրիել Աթալը ֆրանսիական հեռուստաալիքին նոր ուսումնական տարվա մեկնարկից մի քանի օր առաջ:
Որոշումն ընդունվել է մի քանի ամիս տևած բանավեճերից հետո, և ենթադրվում է, որ կզայրացնի երկրի 5-միլիոնանոց մահմեդական համայնքի շատ ներկայացուցիչների:
Ֆրանսիայի ձախ ուժերը պնդում են, որ այս միջոցը ոտնձգություն է քաղաքացիական ազատությունների դեմ։ Աջերը, ընդհակառակը, ողջունել են իշխանությունների որոշումը։

Ֆրանսիայում, աշխարհիկության սկզբունքի համաձայն, կրթական հաստատություններում արգելվում է կրել կրոնական պատկանելությունը ցուցադրող ցանկացած խորհրդանիշ։ Համապատասխան օրենքն ընդունվել է 2004 թ.: Այն ներառում է կիպաներ, գլխաշորեր, մեծ խաչեր և հիջաբներ: