ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը. Կովաչև 31.08.2023 . Արցախ

ԵՄ-ն և ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Լաչինի միջանցքի արգելափակումը. Կովաչև
		31.08.2023 . Արցախ


Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը և ապահովի երկկողմանի ազատ տեղաշարժը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունը չի նպաստում վստահության մթնոլորտի ձևավորմանը և խաղաղության հաստատմանը: «Համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի Հայաստանի  և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումը, երաշխիքներ Լեռնային Ղարաբաղի հայերի համար, և դա չպետք է լինի բացառապես Ադրբեջանի սահմանադրության և օրենքների հիման վրա։ Միջազգային երաշխիքներն անհրաժեշտ են հայերի առօրյան, կրթությունը, կրոնը, կարիերայի զարգացումը և սոցիալական բարեկեցությունը պաշտպանելու համար, քանի որ Լեռնային Ղարաբաղը նրանց հայրենի տունն է»,- ասել է պատգամավորը:

Կովաչևն անընդունելի և դատապարտելի է համարել Ադրբեջանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարությունը չհարգելը։ «Ստեղծված իրավիճակը ակնհայտորեն խախտում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունը, որտեղ երաշխավորված էր, որ այդ միջանցքը գործելու է երկու ուղղություններով, և դրա երաշխավորը պետք է լինի այնտեղ ռուսական ռազմական ներկայությունը, բայց նրանք չեն կատարում իրենց պարտավորությունները։ Սա կրկին ցույց է տալիս, որ ռուսները ոչ մի իրավիճակում վստահելի գործընկեր չեն»,- նշել է պատգամավորը: