Զելենսկին կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, եթե նախագահի ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ

Զելենսկին կառաջադրվի երկրորդ ժամկետի համար, եթե նախագահի ընտրություններն անցկացվեն պատերազմի ժամանակ



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պորտուգալական RTP հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ կառաջադրվի նախագահի պաշտոնում, եթե ընտրությունները տեղի ունենան 2024 թվականին՝ պատերազմի ժամանակ։
«2024 թվականին, եթե պատերազմը շարունակվի, և ընտրություններ լինեն, ես չեմ լքի իմ պետությունը, քանի որ ես Սահմանադրության երաշխավորն եմ ու պաշտպանում եմ այն»,- ասել է նա։
2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին խոստացել էր, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետի համար։
Սահմանադրության համաձայն՝ Ուկրաինայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին 2023 թվականի աշնանը, իսկ նախագահականը՝ 2024 թվականի մարտին, սակայն հանրապետության օրենսդրությունն ու Սահմանադրությունն արգելում են ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, միաժամանակ, բազմիցս ակնարկել են, որպեսզի ընտրություններն անցկացվեն՝ չնայած պատերազմին։
Զելենսկին վերջերս հարցազրույցներից մեկում ասել է, որ դրանց անցկացման համար անհրաժեշտ է առաջին հերթին փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, կպահանջվի նաև լրացուցիչ ֆինանսավորում։

Նրա խոսքովч շատ կարևոր է լուծել անվտանգության խնդիրը, բացի այդ, արևմտյան երկրները պետք է օգնեն կազմակերպել միլիոնավոր փախստականների ընտրությունները մյուս երկրներում։