Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի



Կանադան լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով և ռազմական էսկալացիայով: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարարը:
Մելանի Ժոլին շեշտել է՝ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, կոչ արել ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ:
«Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ թույլ չտալու, որ հումանիտար իրավիճակն ավելի վատթարանա։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ գործողություններից, որոնք վտանգում են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության անվտանգությունը և բարեկեցությունը, բարեխիղճ գտնվել և նպաստել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական հասանելիության վերականգնմանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության շարունակմանը՝ վստահության ամրապնդման միջոցների խթանման ուղղությամբ:
Հակամարտության կարգավորման գործում կարևորում ենք ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները:

Կանադան կշարունակի աշխատել գործընկերների հետ՝ գտնելու կայուն, բանակցային լուծում և մեղմելու այս անհիմն ռազմական գործողության ազդեցությունը խաղաղ բնակիչների վրա, որոնք արդեն տուժել են ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակումից»,- նշված է հայտարարության մեջ