ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնը և Դեյվիդ Վալադաոն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, նշել՝ ամիսներ շարունակ նախազգուշացրել են, որ Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ։
«Դեռևս վաղ է գնահատել ադրբեջանական հարձակման ամբողջ մասշտաբը, սակայն, ըստ ստացվող հաղորդագրությունների, Ադրբեջանը մահաբեր ուժ է կիրառում Ստեփանակերտի բնակելի շրջանների դեմ:
Նախագահ Ալիևն այս հարձակումը կազմակերպել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը վտարելու նպատակով։ Այսպես կոչված «մարդասիրական միջանցքները», որոնք նրանք բացել են խաղաղ բնակիչների համար, կոչված են միայն շարունակելու էթնիկ զտումների արշավը, բռնության, սովի և վախի միջոցով հարկադրելու նրանց լքել հայրենիքը:
Միացյալ Նահանգները պետք է օգտագործի դիվանագիտական գործիքակազմը, այդ թվում՝ պատժամիջոցները՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղում մնալու հայերի իրավունքը։
Կոչ ենք անում Պետքարտուղարությանը և մեր միջազգային գործընկերներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ադրբեջանական ուժերի հետագա ագրեսիան և ապահովելու մարդկանց անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: