Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը զերծ կմնա վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
«Վաշինգտոնին կոչ ենք անում զերծ մնալ ծայրաստիճան վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք կհանգեցնեն Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ուժեղացմանը: Դրանով հաստատվում է, որ ԱՄՆ և իր դաշնակիցների խնդիրը ոչ թե Անդրկովկասում իրավիճակի կարգավորումն ու խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելն ու եվրասիական տարածքի մտադրված ապակայունացումը՝ մեզ այս տարածաշրջանից դուրս թողնելու հեռանկարով»,- ասել է նա:
Մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե ՌԴ-ն Հայաստանի համար անվտանգության ոլորտում վստահելի դաշնակից չէ, դեսպանն ասել է.
«Տեղի պաշտոնյաների նման ակնարկները վրդովեցուցիչ են: Ամերիկացիները, փաստացի, ձայնակցում են հայ քաղաքական գործիչների ապակառուցողական հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակն է իրենցից հեռացնել պատասխանատվությունը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ եղած բացթողումների համար»,- ասել է դեսպանը` շեշտելով, որ ՌԴ-ն եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը, միշտ ձգտել է եղբայրական այս երկրին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել, այդ թվում` ԼՂ խաղաղապահներ ուղարկելով: