Ռուսաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի՝ միջուկային փորձարկումների պայմանագրից դուրս գալուն

Ռուսաստանի խորհրդարանը հավանություն է տվել երկրի՝ միջուկային փորձարկումների պայմանագրից դուրս գալուն



Դաշնային խորհուրդը՝ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը, հավանություն է տվել միջուկային փորձարկումների արգելման պայմանագրից դուրս գալուն՝ Ուկրաինայի պատերազմի և Արևմուտքի հետ հարաբերությունների ճգնաժամի ֆոնին, հայտնում է РБК-ն: 
Օրինագիծը միաձայն ընդունել է 156 սենատոր: Անցյալ շաբաթ այն ընդունել էր Պետդումայի՝ Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը և այժմ դրա հաստատման համար անհրաժեշտ է միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը։
Փաստաթուղթը ենթադրում է միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում հավասարության վերականգնում։ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 5-ին «Վալդայում» ելույթի ժամանակ հայտարարել էր, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն ստորագրել են միջուկային զենքի փորձարկումներն արգելող պայմանագիրը, սակայն Մոսկվան այն վավերացրել է, իսկ Վաշինգտոնը՝ ոչ։ Նա չէր բացառել, որ Ռուսաստանը կարող է հետ կանչել վավերացումը։

Կրեմլում պարզաբանել են, որ պայմանագրի վավերացման հետկանչը չի նշանակում, որ Ռուսաստանը միջուկային փորձարկումներ անցկացնելու մտադրություն ունի: «Խոսքն այն մասին էր, որ իրավիճակը բերվի «մեկ հայտարարի»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: