Սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին հայկական կողմին ուղարկվել են հրավերներ՝ Ադրբեջանի հետ եռակողմ հանդիպումներ անցկացնելու համար՝ ինչպես Մոսկվայում, այնպես էլ բազմակողմ միջոցառումների շրջանակում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսական կողմը Հայաստանից դեռևս հստակ պատասխաններ չի ստացել հրավերների վերաբերյալ։ Երևանը ցանկանում է բանակցել Վաշինգտոնում ու Բրյուսելում, թեև ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն չեն կարող բարեխիղճ միջնորդներ համարվել մի շարք պատճառներով։ Նրանց նպատակն է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Նրանք ցանկանում են ոչնչացնել գոյություն ունեցող անվտանգության մեխանիզմները, միաժամանակ գողանում ու խեղաթյուրում են Մոսկվայի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։ Հետևաբար նրանց միջնորդությունից հնարավոր չէ իրական արդյունավետություն սպասել:
Երևանի անվերապահ վստահությունը, թե Արևմուտքը կօգնի իրենց, ձախողվեց: Չնայած առկա հրավերներին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները սառեցվել են»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ բավականին միամիտ են թվում Հայաստանին ֆրանսիական Bastion զրահամեքենաների մատակարարման օգուտների մասին դատողությունները։ Ինչպես նշում է Զախարովան, Ուկրաինայում դրանք, իբր, ցույց են տվել իրենց շատ ցածր արդյունավետությունը իրական մարտական գործողությունների պայմաններում: Զախարովան համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիան Հայաստանին վաճառել է «ոչ իրացվելի սպառազինություն», որը Փարիզը չէր կարող վաճառել այլ ուղղություններով։
Նա նաև կասկած է հայտնել, որ տարբեր արտադրության տեխնիկայով համալրումը կարող է նպաստել պաշտպանունակության բարձրացմանը: