Վարչապետը թվարկեց սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում

Վարչապետը թվարկեց սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում

Որոնք են այն սկզբունքները, որոնք պետք է դրվեն «Խաղաղության խաչմերուկի» գործարկման հիմքում: Այդ մասին Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներ են:
«Առաջինն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները՝ ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրագծերը, պետք է գործեն այն երկրների իրավազորության և սուվերենության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են:
Հաջորդ խնդիրը և սկզբունքը հետևյալն է. յուրաքանչյուր պետություն իր պետական ինստիտուտների միջոցով ապահովում է իր տարածքում, այդ կոմունիկացիաներում սահմանային հսկողությունը, մաքսային հսկողությունը և անվտանգությունը բոլոր ենթակառուցվածքների, այդ թվում՝ դրանցով քաղաքացիների, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ այս խնդրի լուծման համար, ներառյալ՝ անվտանգությունն ապահովելու համար, վերջերս Հայաստանի Կառավարության որոշմամբ ԱԱԾ-ում ստեղծվեց հատուկ ստորաբաժանում, որի առանձնահատուկ նպատակը հենց տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգության ապահովումն է:
Հաջորդ սկզբունքը հետևյալ է. բոլոր ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների և հաղորդակցության համար, և երկրները ենթակառուցվածքներն օգտագործում են հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա, և վերը հիշատակված սկզբունքների շրջանակներում կարող են տեղի ունենալ ընթացակարգերի որոշ պարզություններ՝ փոխադարձության և հավասարության սկզբունքով»,- ասաց ՀՀ վարչապետը: