Իսրայելը հարվածել է Լիբանանին, սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը 03.01.2024 . Միջազգային

Իսրայելը հարվածել է Լիբանանին, սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը
		03.01.2024 . Միջազգային


Իսրայելական անօդաչուները հրթիռներ են արձակել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի ուղղությամբ: Քանդվել է եռահարկ շինություն: Լրատվամիջոցների տվյալով՝ զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին, ՀԱՄԱՍ-ի մարտական թևի երկու հրամանատար և այլ անձինք:

Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ճնշում գործադրել Իսրայելի վրա, ստիպել դադարեցնել հարձակումները Լիբանանի վրա: Նրա խոսքով՝ Իսրայելի նպատակը Լիբանանը ռազմական առճակատման մեջ ներքաշելն է՝ ի հեճուկս դրա կանխման ուղղությամբ գործադրվող ջանքերի: Միքաթին հանձնարարել է անհապաղ բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության խախտման վերաբերյալ:

Իսրայելի վարչապետի ավագ խորհրդական Մարկ Ռեգևը հայտարարել է, որ Բեյրութի արվարձանում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությունը հարձակում չէր Լիբանանի վրա և նույնիսկ «Հեզբոլլահի» վրա. դա «վիրաբուժական հարված» էր պաղեստինյան խմբավորման ղեկավարությանը: