Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն արձանագրել է, որ 2018 թվականի միջկորեական համաձայնագրում նշված բուֆերային գոտին, որտեղ արգելված է հրետանային վարժանքներ անցկացնել, այլևս չի պահպանվում: Այդ մասին հայտարարել Է կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Լի Սոն Չժունը պաշտպանության նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
2023 թվականի հոկտեմբերին Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը հայտնել էր, որ Հյուսիսային Կորեան մոտ 3600 անգամ խախտել է լարվածությունը նվազեցնելու միջկորեական համաձայնագիրը: Այն նախատեսում է տարածքների սահմանում, որտեղ արգելվում են հրետանային գնդակոծությունները, ռազմածովային զորավարժություններն ու ավիացիոն թռիչքները։
Անցյալ տարվա նոյեմբերին ԿԺԴՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կդադարի ամբողջությամբ կատարել համաձայնագիրը, քանի որ Սեուլը հայտարարել էր դրա դրույթների մի մասի կատարումը դադարեցնելու որոշման մասին։ Կորեայի Հանրապետությունը հրաժարվել է իրականացնել ոչ թռիչքային գոտիների մասին պայմանավորվածությունները՝ ի պատասխան Փհենյանի հետախուզական արբանյակի արձակման։
Սեուլի տվյալներով՝ ԿԺԴՀ-ի զինվորականները հունվարի 5-ից երեք օր շարունակ հրետանային վարժանքներ են իրականացրել պայմանական ծովային թիրախների ուղղությամբ, արկերը պայթել են բուֆերային գոտում, ինչն արգելված է համաձայնագրով: Հունվարի 5-ին Կորեայի Հանրապետության զինված ուժերն ի պատասխան ուսումնական հրետանային հրաձգություն են իրականացրել բուֆերային գոտում գտնվող ծովային թիրախների ուղղությամբ: