Ռուսական զորքերը հերթական զանգվածային հրթիռային հարվածն են հասցրել Ուկրաինային: Երկրի ողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել։
Զանգվածային հարձակման հետևանքով նախնական տվյալով՝ Կիևում մահացել է երկու մարդ, վիրավորվել 13-ը, այդ թվում՝ հղի կին, հայտնում են շտապօգնության ծառայություններից։ Վնասվել են կոմունիկացիաները և 18 հարկանի շենքը։ Ենթադրում են, որ փլատակներում մահացած մարդիկ կան։
Նիկոլաևում 1 մարդ է մահացել, վնասվել են 20 առանձնատուն, գազի ցանցը: Խարկովի մարզում 2 մարդ է վիրավորվել:
Հարձակման է ենթարկվել նաև Լվովի շրջանի Դրոհոբիչ բնակավայրը։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանը հարձակումն իրականացրել է Տու-95ՄՍ և Տու-22Մ3 ինքնաթիռներից արձակված թևավոր հրթիռների միջոցով։ Օգտագործվել են նաև բալիստիկ հրթիռներ։ Հրթիռային հարձակմանը նախորդել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը, հայտնում է Ուկրաինայի գլխավոր շտաբը։ Անօդաչուները շարժվել են Օդեսայի, Ումանի, Դնեպրի, Պավլոգրադի և այլ քաղաքների ուղղությամբ։ Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանը գործարկել է 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 12-ը խոցվել են: