Ռուսական կողմը Կիևին հարվածել է երկու բալիստիկ հրթիռով. Օլեշչուկ

Ռուսական կողմը Կիևին հարվածել է երկու բալիստիկ հրթիռով. Օլեշչուկ



Գիշերը օդային ինտենսիվ ռմբակոծությունից հետո երկուշաբթի Ուկրաինայի մայրաքաղաքն ու ևս մի քանի բնակավայր դարձյալ հրթիռակոծվել են: Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, ռուսական կողմը Կիևի վրա է հարձակվել Ղրիմից՝ երկու բալիստիկ հրթիռով: Դրանք ոչնչացվել են, սակայն բեկորներն ընկել են Պեչերսկի, Սոլոմենսկի և Դնեպրի շրջաններում. մասամբ ավերվել է Կիևի դեկորատիվ և կիրառական արվեստի և դիզայնի պետական ​​ակադեմիայի շենքի կենտրոնական հատվածը, վնասվել է բազմահարկ շենքը, կա չորս տուժած: Օլեշչուկը նշել է, որ ավիահարվածների թիրախում եղել են քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ՝ էլեկտրակայանները:
Ուկրաինայի մայրաքաղաքը հինգ օրվա ընթացքում երրորդ անգամ հայտնվել է կրակի տակ: Ռուսական զորքերը հարվածային անօդաչու սարքերով հարձակվել են նաև Օդեսայի և Նիկոլաևի շրջանների վրա՝ վիրավորելով առնվազն 11 մարդու։