Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) այսօր՝ ապրիլի 4-ին, նշել է իր հիմնադրման 75-ամյակը։ Ելույթ ունենալով Բրյուսելում՝ դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը խոսել է եվրոպացիների և ԱՄՆ-ի միասնության պահպանման անհրաժեշտության մասին։
«Ես հավատում եմ Ամերիկայի և Եվրոպայի միասնությանը, միասին մենք ավելի ապահով և ուժեղ ենք»,- ասել է նա՝ միաժամանակ կարևորել պաշտպանական ծախսերի «արդար բաշխումը»։
Դաշինքի ղեկավարը նաև խոսել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի երկրների աջակցության մասին: «Կիևն այժմ և երկարաժամկետ հեռանկարում կարող է հույս դնել ՆԱՏՕ-ի աջակցության վրա»,- ընդգծել է Ստոլտենբերգը։ Նախատեսվում է, որ հենց ՆԱՏՕ-ն, այլ ոչ թե ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը կհամակարգի Ուկրաինայի պաշտպանության գծով կոնտակտային խմբի աշխատանքը, որը միավորում է շուրջ 50 երկիր:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՆԱՏՕ-ի 75-ամյակի կապակցությամբ ասել է, որ դաշինքը շարունակում է մնալ առճակատման ամերիկյան գործիք։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության և ՆԱՏՕ-ի հարաբերությունները «իրականում իջել են ուղղակի առճակատման մակարդակի», և դաշինքը «ներքաշված է Ուկրաինայի հակամարտության մեջ»։