Իռլանդիայի խորհրդարանը վարչապետի պաշտոնում ընտրել է «Ֆինե գել» կուսակցության առաջնորդ Սայմոն Հարիսին, որը դարձել է երկրի պատմության մեջ կառավարության ամենաերիտասարդ ղեկավարը:
37-ամյա Հարիսը, որը վարչապետի պաշտոնում փոխարինել է Լեո Վարադկարին, նախկինում զբաղեցրել է առողջապահության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնը։ Նա «Ֆինե գել» կուսակցության նախագահ է ընտրվել նախորդ շաբաթ՝ առանց քվեարկության:
«Հիմա ճիշտ ժամանակն է նոր հասարակական պայմանագիր կնքելու համար, այնպիսի պայմանագիր, որը կհաստատի մեր՝ որպես Հանրապետության հանձնառությունը՝ ստեղծելու հավասար հնարավորություններ, աջակցելու նրանց, ովքեր ամենից շատ ունեն պետության օգնության կարիքը»,- ասել է Հարիսը խորհրդարանում իր ելույթում:
Լրատվամիջոցները նշում են, որ նոր վարչապետը կբախվի նույն խնդիրներին, ինչ կային նախկինում՝ մատչելի բնակարանների պակաս և փախստականների ռեկորդային թիվ: