ԱՄՆ-ի տասնյակ բարձրագույն ուսումնական հաստատություններում պաղեստինամետ ուժերի ցույցեր են տեղի ունենում։ Ուսանողները բողոքում են Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դեմ:
Բողոքի ակցիաների կենտրոնը եղել է Նյու Յորքի հեղինակավոր Կոլումբիայի համալսարանը, որտեղ մի խումբ երիտասարդներ գրավել են համալսարանի շենքերից մեկը՝ Համիլթոն հոլը։
Ուսանողները բուհի ղեկավարությունից պահանջել են հարաբերությունները խզել Իսրայելի ակադեմիական հաստատությունների հետ և դադարեցնել համագործակցությունը Գազայի հատվածում ռազմական գործողությանն աջակցող կազմակերպությունների և ընկերությունների հետ։
Համալսարանի ղեկավարության և ուսանողների միջև բանակցությունների ընթացքում հնարավոր չի եղել փոխզիջման հասնել, և համալսարանի նախագահ Նիմաթ Շաֆիկը պահանջել է հաստատության տարածքը մաքրել վրաններից ու սպառնացել է հեռացնել ցույցերի մասնակից ուսանողներին: Ոստիկանները մտել են Համիլթոն հոլ, բերման է ենթարկվել մոտ 100 մարդ։ Գործողությանը մասնակցել է մի քանի հարյուր ոստիկան։
Կոլումբիայի համալսարանում ոստիկանական գործողություններից ժամեր անց տեղեկություններ են ստացվել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում սկսված անկարգությունների մասին: Բախումներ են տեղի ունեցել իսրայելամետ և պաղեստինամետ ուսանողական խմբերի միջև։ Ուսումնական հաստատության ղեկավարությունը դիմել է իրավապահ մարմինների օգնությանը։
Պաղեստինամետ ցույցեր են տեղի ունեցել նաև Բոսթոնի, Արիզոնայի, Մասաչուսեթսի համալսարաններում: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 170 ակտիվիստ: