Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի յոթ շրջանի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 հրթիռ և 20 կամիկաձե անօդաչու թռչող սարք, հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ տեղեկացրել են, որ գիշերվա ընթացքում հաջողվել է խոցել 55 հրթիռից 39-ը և գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը:
Օդային հարձակումները, այնուամենայնիվ, վնասներ են հասցրել շրջանների կարևոր և քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Խերսոնում ռուսական հարվածը վնասել է կայարանը և երկաթգծերը։ Քաղաքի կրիտիկական ենթակառուցվածքներին հասցված հարվածի հետևանքով Խերսոնը մասամբ մնացել է առանց էլեկտրականության։
Զապորոժիեում հարձակման ժամանակ վնասվել է հրշեջ կայանը, ինչպես նաև որոշ կարևոր և քաղաքացիական ենթակառուցվածքներ և քաղաքային տրանսպորտը:
Երկու թևավոր հրթիռով խոցվել է Լվովի մարզի էլեկտրակայանը։ Լվովի շրջանային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ գիշերվա ընթացքում մարզը ենթարկվել է 12 ռուսական հրթիռի հարձակման, որոնցից 8-ը խոցվել են։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունն էլ տեղեկացրել է, որ Կիևի մարզում գիշերային հրթիռային հարվածի հետևանքով վնասվել և ավերվել է 14 առանձնատուն, երկու մարդ վիրավորվել է։
Ուկրաինայի նախագահը մեկնաբանել է էներգետիկ օբյեկտների վրա նոր զանգվածային հարձակումը և այն կապել Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիզմի դեմ տարած հաղթանակի ու հիշատակի օրվա հետ, որը երկրում նշվում է մայիսի 8-ին։