Տարաձայնություն Իսրայելի կառավարությունում՝ Գազայի հատվածի հետպատերազմյան կառուցվածքի հարցով 16.05.2024 . Միջազգային

Տարաձայնություն Իսրայելի կառավարությունում՝ Գազայի հատվածի հետպատերազմյան կառուցվածքի հարցով
		16.05.2024 . Միջազգային


Չորեքշաբթի Իսրայելի կառավարությունը պառակտվել է այն հարցում, թե արդյոք Իսրայելը պե՞տք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը պաղեստինյան զինյալների դեմ պայքարի ավարտից հետո:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ պաշտպանության նախարար Գալանտը հայտարարել է, որ մտադիր չէ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումից հետո թույլատրել «Իսրայելական քաղաքացիական կամ ռազմական վարչակազմի ներկայությունը Գազայում»։

«Մենք պետք է վերացնենք այն գործիքները, որոնցով ՀԱՄԱՍ-ը վերահսկում է Գազայի հատվածը, իսկ դրա համար պահանջվում են ինչպես ռազմական գործողություններ, այնպես էլ կառավարման այլընտրանքային՝ պաղեստինյան, կառույցների կազմակերպում»,- ասել է Գալանտը:

Նման դիրքորոշումն առաջացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դժգոհությունը։ Դեռևս Գալանտի հայտարարությունից առաջ կառավարության ղեկավարը հայտարարել էր, որ մտադիր չէ մտածել Գազայի ապագայի մասին, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը գոյություն ունի: Ավելի ուշ Նեթանյահուն ընդգծել է, որ ճիշտ չի համարում Գազայի հատվածի կառավարման փոխանցումը Մահմուդ Աբասի գլխավորած ՖԱԹՀ շարժմանը:

Վարչապետ Նեթանյահուի դիրքորոշումը պաշտպանել են Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։

Սակայն իսրայելական կառավարությունում ոչ բոլորն են դեմ պաշտպանության նախարարին: Նրան իր աջակցությունն է հայտնել Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բենի Գանցը:

Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է գործողությունները Գազայում, մասնավորապես՝ Ռաֆահում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին