Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական դաշինքը ցույց է տալիս ավտորիտար ուժերի աճող մերձեցումը և ընդգծում է «ժողովրդավարությունների միասնական ճակատ» ձևավորելու կարևորությունը, հունիսի 19-ին Օտտավա կատարած պաշտոնական այցի ընթացքում պանելային քննարկման ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
«Մենք պետք է գիտակցենք, որ ավտորիտար տերությունները գնալով ավելի են մերձենում։ Նրանք միմյանց աջակցում են այնպես, ինչպես նախկինում երբեք չենք տեսել»,- Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը։
«Հյուսիսային Կորեան Ռուսաստանին մատակարարել է «հսկայական քանակությամբ զինամթերք», իսկ Չինաստանն ու Իրանը ռազմական աջակցություն են ցուցաբերում Մոսկվային Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմում»,-նշել է Ստոլտենբերգը։ Ռուսաստանի և ասիական մյուս պետությունների միջև աճող մտերմությունը ՆԱՏՕ-ի համար էլ ավելի կարևոր է դարձնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դաշնակիցների հետ համագործակցությունը, հավելել է նա:
Այդ պատճառով, նրա խոսքով, Ավստրալիայի, Ճապոնիայի, Նոր Զելանդիայի և Հարավային Կորեայի կառավարությունների ղեկավարները հրավիրվել են հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։