Վրաստանը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը 04.07.2024 . Տարածաշրջան

Վրաստանը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման  հանձնառությունը
		04.07.2024 . Տարածաշրջան


Վրաստանի իշխանությունները վերահաստատում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը։ Այդ մասին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ X-ում  գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Շնորհավոր մեր ամերիկացի բարեկամներին և գործընկերներին՝ Անկախության օրվա առթիվ: Նշելով այս օրը, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը և էլ ավելի ամրապնդելու Վրաստանի ու Միացյալ Նահանգների միջև բարեկամության և համագործակցության կապերը»,- նշել է Կոբախիձեն:

Նա հավելել է, որ Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն ունեն ռազմավարական բնույթ, սակայն դրանք վերամեկնարկի կարիք ունեն: «Թբիլիսին Վաշինգտոնից դրական քայլեր է ակնկալում»,- նշել է Կոբախիձեն:

Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի հետ խարխլվել են այս տարվա մայիսին Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով: Ըստ ամերիկյան կողմի՝ Վրաստանի իշխող կուսակցության գործողություններն ու հռետորաբանությունը վտանգում են հանրապետության եվրատլանտյան ինտեգրումը: Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդունված օրենքի կապակցությամբ վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության անդամների, խորհրդարանի որոշ ներկայացուցիչների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին