Ջավախքում նշվեց Վարևանի օրը

Հուլիսի 7-ին «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ Շիրակ Թորոսյանը այցելեց Վրաստանի Ախալքալակի շրջանի Վարևան գյուղ՝ «Վարևանի օր» տոնակատարությանը մասնակցելու նպատակով: Տոնը ընդգրկված էր շրջանի մասշտաբով պաշտոնական տոների օրացույցում: Միջոցառման անկյունաքարերը Վարևանից սերված 19-րդ դարի հայտնի բանաստեղծ, աշուղ Ղունկիանոս Կարնեցին և Արցախյան առաջին պատերազմում նահատակված հերոս Պետրոս Աբաջյանն են:

Տոնակատարությունն ավանդաբար անցկացվեց Պետրոս Աբաջյանին նվիրված հուշակոթողի մոտ: Հատկանշական է, որ վարևանցի հերոսի հուշարձանի հարևանությամբ տեղադրված են նաև Հայաստանի ազատագրության պայքարի նվիրյալներ Անդրանիկ Օզանյանի, Գարեգին Նժդեհի, Աղբյուր Սերոբի և Գևորգ Չավուշի ազդեցիկ կիսանդրիները:

Տոնակատարությանը մասնակցեց շրջանի ողջ ղեկավար կազմը՝ Ախալքալակի քաղաքապետ Մելքոն Մակարյանի գլխավորությամբ:

Խոսվեց նաև Հայաստան-Վրաստան ներկա փոխհարաբերությունների բարձր մակարդակի և խոստումնալից հեռանկարի մասին: Շիրակ Թորոսյանին ուղեկցում էին նաև «Տոները Ջավախքում. Ախալքալակի շրջան» ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը, համակարգող Մարինե Այվազյանը, կամավորներ Տիրուհի Թորոսյանը և Համբարձում Սահարյանը։