Եթե Երևանը մտադրություն ունենա հրաժարվել այդ հայտարարությունից (նոյեմբերի 9-ի հայտարարությունը – խմբ.), Երևանը իր մտադրության մասին կհայտարարի:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որը վերաբերում էր նրան, որ Մոսկվայից հնչող մեղադրանքների ֆոնին անցած շաբաթ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, թե չկա նոյեմբերի 9-ի հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն չի խախտվել, և արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը պատրաստվում է հրաժարվել այդ հայտարարությունից:
Վարչապետի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությանը չի կարելի նայել դրվագային, այլ դրան պետք է նայել ամբողջականության մեջ:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ ասուլիսի ընթացքում անդրադարձել է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց խնդրին:
«Կարծում եմ՝ ԱԳՆ-ն պատշաճ արձագանք է տվել: Ընդ որում՝ ուզում եմ հետևյալն ասել. այն հայտարարությամբ, որը առիթ էր դարձել արտաքին գործերի նախարարության արձագանքի, փորձ էր արվում ասել, թե տարածաշրջանային կոմունիկացիաները չեն բացվում ՀՀ սաբոտաժի պատճառով: Ես կարող եմ ասել՝ տարածաշրջանի կոմունիկացիաները չեն բացվել մինչև այս պահը, այդ թվում` ՌԴ-ի մի շարք գործընկերների՝ փաստաթղթի տրամաբանության հետ կապ չունեցող և դրան հակասող մեկնաբանությունների պատճառով։
Ընդ որում՝ այդ մեկնաբանությունները հաճախ և հիմնականում հակասել են ՌԴ նախագահի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրի ձևակերպումներին, որոնց մասին մի քանի անգամ խոսել եմ:
Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեմային՝ ՀՀ-ն այդ թեման ոչ միայն սաբոտաժ չի անում, այլև լրջորեն շահագրգռված է, և այդ նախագիծը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»։ Ընդ որում՝ պետք է ասեմ, որ ՌԴ մի շարք գործընկերներից ստացել եմ արձագանք այն մասին, որ իրենք աջակցում և ողջունում են «Խաղաղության խաչմերուկը»:
Չափազանցություն չկա՝ մենք այս նախագծի իրագործումը պատրաստ ենք սկսել հենց վաղը, ընդ որում՝ ավտոմոբիլային ճանապարհներով պատրաստ ենք ճանապարհները բացել հենց վաղը:
Միջազգային առումով «Խաղաղության խաչմերուկը» շատ կարևոր նախագիծ է: Այդ թեման, որ անընդհատ փորձ է արվում շահարկել՝ արդյոք Հայաստանը պատրա՞ստ է ճանապարհ, հաղորդակցություն տրամադրել Նախիջևանի Հանրապետության և բուն Ադրբեջանի միջև, այո՛, պատրաստ է, դրա մասին մենք ասել ենք:
Արդյոք պատրա՞ստ ենք արձանագրել, որ այդ հաղորդակցության մեջ կան որոշակի առանձնահատկություններ. այո՛, և դա մենք երբեք չենք ժխտել, բայց նաև ակնհայտ է, որ Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հանգամանք չի կարող լինել կասկածի տակ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։