2025 թվականից Միացյալ Թագավորության առաջատար բրիտանական British Airways ավիաընկերությունը կմտնի վրացական ավիաշուկա։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի օդանավակայանների միությունը։
Նրանց տվյալներով՝ Վրաստանի օդանավակայանների միությունը հաջողությամբ ավարտել է մեկամյա ինտենսիվ բանակցությունները եվրոպական խոշորագույն ավիաընկերություններից մեկի հետ։ Արդյունքում, Մեծ Բրիտանիայի և Վրաստանի մայրաքաղաքները միմյանց կկապվեն ուղիղ օդային ճանապարհով։
Տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի մարտի 30-ից Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղղությամբ ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթական 4 հաճախականությամբ։ Ավիաընկերության www.ba.com կայքում արդեն հնարավոր է տոմսեր գնել։ «British Airways-ը 50 տարի առաջ հիմնադրված բրենդ է, թեև ավիաընկերությունը ավելի քան 100 տարվա գործունեության պատմություն ունի։
British Airways-ը OneWorld-ի համահիմնադիրն է՝ American Airlines-ի հետ գլոբալ ավիաընկերությունների դաշինք, որն աշխարհում երրորդն է SkyTeam-ից և Star Alliance-ից հետո: American Airlines-ի հետ սերտ համագործակցությունը թույլ է տալիս British Airways-ի ուղևորներին վայելել տարանցիկ թռիչքներ Լոնդոնով դեպի Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներ: British Airways-ը թռչում է ավելի քան 190 ուղղություններով 65 երկրներում: Ավիաընկերության հիմնական բազան գտնվում է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում, որը Եվրոպայի ամենաբանուկ օդանավակայաններից է»,- նշվում է տեղեկատվության մեջ։