Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ, արժեքների և թափանցիկության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի հետ խորացող համագործակցության օրակարգային հարցեր։ Գոհունակությամբ նշվել են վերջին շրջանում սերտ փոխգործակցության արդյունքում գրանցված ձեռքբերումները, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի զարգացման շուրջ քննարկումների դրական դինամիկան։
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձ են կատարել մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ-ի կողմից իրականացված հավակնոտ բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ ԵՄ-ի հետ համագործակցությանը։
Կարևորվել է ակտիվ փոխգործակցության շարունակականությունը նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում, այդ թվում՝ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության, «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրերի շրջանակներում։