Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել Վրաստանի ընտրությունում խախտումների վերաբերյալ: Փորձագետները արձանագրել են ընտրողների ահաբեկման, պետական ծառայողների նկատմամբ ճնշման, դիտորդների նկատմամբ բռնության, ընտրակաշառքի, բազմակի քվեարկության և քվեաթերթիկների լցոնման դեպքեր, հայտնել են ԵԱՀԿ-ում: Ընտրության օրն ընդհանուր առմամբ լավ էր կազմակերպված, սակայն իրավիճակը լարված էր, պարզաբանել է ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ է արել հետաքննել Վրաստանում խորհրդարանի ընտրության ժամանակ հայտնաբերված խախտումները և ենթադրյալ միջամտությունը ընտրական գործընթացին։ «Մենք դատապարտում ենք միջազգային նորմերի բոլոր խախտումները և միանում ենք միջազգային ու տեղական դիտորդների կոչերին՝ անցկացնել բազմակողմանի հետաքննություն»,- հայտարարել է Բլինքենը հոկտեմբերի 27-ին` Վաշինգտոնում: Նա հիմնվել է միջազգային և վրացի դիտորդների զեկույցների վրա, որոնք վկայում են ընտրողների կաշառման և նրանց ահաբեկման մասին։
Ավելի վաղ Եվրամիությունը հայտարարել էր Վրաստանի ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումների «արագ, թափանցիկ և անկախ հետաքննություն» անցկացնելու անհրաժեշտության մասին։ «Խախտումները պետք է պարզաբանվեն և վերացվեն։ Այս քայլն անհրաժեշտ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»,- նշել են Եվրահանձնաժողովը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը մտադիր է Վրաստանի հարցը ներառել նոյեմբերի սկզբին Բուդապեշտում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում։