Թեզը համարում ենք կատարելապես անհիմն. ԱԳ նախարարը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանի մասին

Թեզը համարում ենք կատարելապես անհիմն. ԱԳ նախարարը՝ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի նախապայմանի մասին

Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը տարվա ընթացքում բազմիցս խոսել է, և ըստ էության, նախապայման առաջադրել հայկական կողմին այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը պարունակում է որոշակի պահանջ Ադրբեջանի տարածքի նկատմամբ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք այս թեզը համարում ենք կատարելապես անհիմն, ու այստեղ մենք, իհարկե, որպես շատ հզոր և կոնկրետ ապացույց ունենք Սահմանադրական դատարանի որոշումը, որն արձանագրեց՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատումը լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,- նշեց ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Ալմա Աթայի հռչակագրով նախանշված, այն է՝ Խորհրդային Միության գոյության վերջին տարիներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև եղած սահմանների հիման վրա այժմ արդեն անկախ ՀՀ-ի և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանների սահմանազատումը սահմանադրական է, և այդ սահմաններից այն կողմ Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային պահանջ:

«Սա գալիս է փարատելու բոլոր հնարավոր մտահոգությունները»,- նշեց նախարարը: