ԱՄՆ-ն մեղմացրել է Ուկրաինայի հետ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները. Bloomberg

ԱՄՆ-ն մեղմացրել է Ուկրաինայի հետ ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի պայմանները. Bloomberg


ԱՄՆ իշխանությունները մեղմացրել են Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ գործարքի պայմանները։ Այդ մասին չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, հայտնել է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Վաշինգտոնը զգալիորեն նվազեցրել է Կիևին նախկինում տրամադրված օգնության գնահատականը, որն Ուկրաինան պետք է վերադարձնի Միացյալ Նահանգներին՝ ռեսուրսների հաշվին։ Եթե ​​նախկինում Սպիտակ տունը խոսում էր 300 միլիարդ դոլարի մասին, ապա հիմա՝ մոտ 100 միլիարդի։ Այդ թիվը մոտ է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ նախկինում արած հայտարարությանը։ Նա Միացյալ Նահանգներին տրամադրված օգնությունը գնահատել է 90-100 միլիարդ դոլար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ իշխանությունները դեռևս հրաժարվում են իրենց սեփական ներդրումը կատարել Ուկրաինայի հետ համատեղ ներդրումային հիմնադրամում՝ համարելով, որ նախկինում տրամադրված օգնությունը կփոխարինի այդ ներդրմանը։ Կիևը ձգտում է ավելի լավ պայմանների և հրաժարվում է ԱՄՆ-ի նախկին օգնությունը ճանաչել որպես պարտք։ Երկու երկրի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը։

Ինչպես գրում է Bloomberg-ը, գործարքի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Ներկայիս տեսքով համաձայնագիրը, որը դեռևս չի հաստատվել, Միացյալ Նահանգներին ընդհանուր ներդրումային հիմնադրամից շահույթ ստանալու արտոնյալ իրավունք է տալիս։ Հիմնադրամը, որը վերահսկելու է Վաշինգտոնը, միջոցները ստանալու է ուկրաինական ռեսուրսներից։

Ապրիլի 14-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը դրական է գնահատել Ուկրաինայի հետ ռեսուրսների վերաբերյալ բանակցությունների ընթացքն ու հնարավոր է համարել, որ համաձայնագիրը կստորագրվի արդեն այս շաբաթ։ Նախկինում ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է, այդ թվում՝ վերջին պահին։