«Մենք պետք է ամեն ինչ անենք այս պատերազմը դադարեցնելու համար»,- հայտարարել է Իսպանիայի ԱԳ նախարարը և եվրոպացիներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը հրեական պետության վրա Գազայում ՑԱՀԱԼ-ի նոր հարձակման ֆոնին:
Ավելի մեծ ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ Գազայի հատվածում ռազմական հարձակումը դադարեցնելու և Պաղեստինի պետականության հարցում առաջ շարժվելու համար. սա էր կիրակի անցկացված Մադրիդյան խմբի գագաթնաժողովի նպատակը, որին մասնակցել են եվրոպական և արաբական շուրջ քսան երկրի ներկայացուցիչներ:
Հանդիպումից առաջ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կոչ է արել զենքի էմբարգո սահմանել Իսրայելի նկատմամբ, առաջարկել է «անհապաղ կասեցնել» ԵՄ-ի ու Իսրայելի միջև ասոցացման համաձայնագիրը, ինչպես նաև վերանայել անհատական պատժամիջոցների ազգային և եվրոպական ցանկը, որում կներառվեն գործիչներ, ինչպիսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն է, որոնք «խոչընդոտում են կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը»:
Ալբարեսը վստահեցրել է, որ Մադրիդյան խումբը հաշվի կառնի Իսրայելի ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, սակայն ընդգծել է, որ նման անվտանգության իրավունք ունի նաև պաղեստինցի ժողովուրդը։
Կիրակնօրյա գագաթնաժողովը դիվանագետների խմբի հինգերորդ հանդիպումն է եղել, որը տեղի է ունեցել երկու պետության մասին որոշումն իրականացնելուն նվիրված ՄԱԿ-ի բարձր մակարդակի համաժողովից առաջ: Ֆրանսիան ու Սաուդյան Արաբիան այն անցկացնելու են Նյու Յորքում՝ հունիսի կեսերին: