Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում նախատեսվում է գյուղ մուտք գործող ճանապարհի, ինչպես նաև ներհամայնքային ճանապարհային հատվածների ամբողջական վերականգնում և ասֆալտապատում։ Աշխատանքների նպատակն է բարելավել երթևեկության պայմանները և բարձրացնել բնակիչների անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի մակարդակը։
Նախագծի շրջանակում կվերանորոգվի և կասֆալտապատվի շուրջ 2.7 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատված, որը կմիացնի Զակվի և Գոման գյուղերը կապող առկա ճանապարհը։ Արդյունքում կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ բնակչության տեղաշարժի, ինչպես նաև համայնքների միջև հաղորդակցության և սոցիալ-տնտեսական կապերի զարգացման համար։
