Մայիսի 31-ին Թբիլիսիի Գորգասալիի հրապարակը վերածվել էր սիրո, հիշողության և մշակույթի տոնի։ Նշվեց Վարդատոնի 112-րդ հոբելյանը։ Տոնական օրը սկսվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում մատուցված պատարագով, որտեղ ժողովուրդը հիշեց մեծ աշուղ Սայաթ-Նովային, որին հաջորդեց հոգեհանգստյան կարգ՝ մեծ աշուղի շիրիմի մոտ։ Երբ եկեղեցու զանգերը լռեցին, քաղաքը լցվեց երգի ու մշակույթի հնչյուններով՝ սկսվեց բացօթյա համերգը։
Տոնական համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Վիրահայերի միության նախագահ Մարիամ Առաքելովան, Թբիլիսիի Սակրեբուլոյի փոխնախագահ Թինաթին Նիբլոշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, Վրաստանի խորհրդարանի առաջին փոխնախագահ Գեորգի Վոլսկին, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի տեղակալ Լիա Գիգաուրին և Վրաստանի գրողների միության համանախագահ Մաղվալա Գոնաշվիլին։
Բեմում հնչեցին հայ ժողովրդական և գուսանական երգի մենակատարներ՝ Վարդան Բադալյանի և Արփիի կատարումները։ Տոնական մթնոլորտը լրացրին Հայաստանից և Վրաստանի տարբեր շրջաններից ժամանած երգչախմբեր և պարախմբեր՝ իրենց գունագեղ ու հմայիչ կատարումներով։Վարդատոնին մասնակցեցին նաև Ախալցխայի պարային համույթները։
Նրանք ներկայացրին երկու ժողովուրդների մշակութային հարուստ ժառանգությունը՝ ընդգծելով Վարդատոնի՝ որպես հայ-վրացական բարեկամության խորհրդանիշի նշանակությունը։ Վարդատոնը ոչ միայն հիշատակի օր է, այլև մշակութային կամուրջ՝ միավորելով սերունդներին Սայաթ-Նովայի արվեստի շուրջ։Այսօր ևս Թբիլիսին ապացուցեց, որ Սայաթ-Նովայի երգն ու ոգին կենդանի են՝ ապրելով մարդկանց սրտերում։
