Ախալքալաքում շարունակվում է գյուղական համայնքների հանրային տարածքների բարեկարգումը

Ախալքալաքում շարունակվում է գյուղական համայնքների հանրային տարածքների բարեկարգումը

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Կոթելիա գյուղում իրականացվող հրապարակի կառուցման և բարեկարգման աշխատանքների ընթացքին։

Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նախատեսում է ժամանակակից հանրային տարածքի ստեղծում, որը կծառայի բնակիչների հանգստի, ժամանցի և համայնքային միջոցառումների կազմակերպման համար։

Ծրագրի շրջանակում կառուցվում է բաց տաղավար, կազմակերպվում են մանկական ժամանցային ատրակցիոններ, իրականացվում է տարածքի կանաչապատում, սալարկվում են հետիոտնային արահետները, տեղադրվում է արտաքին լուսավորության համակարգ, ինչպես նաև իրականացվում է հրապարակի ամբողջական կահավորում՝ անհրաժեշտ ենթակառուցվածքներով։

Նախագիծն ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեի միջոցներով, իսկ դրա ընդհանուր արժեքը կազմում է 240 980 լարի։

Աշխատանքների ավարտից հետո Կոթելիա գյուղի բնակիչները կունենան ժամանակակից չափանիշներին համապատասխան հանրային տարածք, որը կդառնա համայնքի սոցիալական և մշակութային կյանքի կարևոր կենտրոններից մեկը։