Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեի հետ միասին, աշխատանքային հանդիպում է անցկացրել քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Մելքոն Մակարյանը մանրամասն ծանոթացել է վարչական միավորներում առկա իրավիճակին։ Քաղաքապետի ներկայացուցիչները ներկայացրել են գյուղերում իրականացվող աշխատանքները, բնակչության առաջնահերթ խնդիրներն ու կարիքները՝ անդրադառնալով համայնքների զարգացման համար կարևոր հարցերին։
Աշխատանքային քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել մունիցիպալիտետում ընթացող և առաջիկայում նախատեսվող ենթակառուցվածքային, սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2026 թվականի «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում նախատեսվող նախագծերին, դրանց պլանավորման, կազմակերպման և իրականացման փուլերին։
Նշվել է, որ ծրագրի շրջանակում ընտրված առաջնահերթությունները ձևավորվել են՝ հաշվի առնելով գյուղերի բնակիչների կարիքներն ու համայնքների զարգացման պահանջները, իսկ բոլոր նախագծերն իրականացվելու են բնակչության շահերից ելնելով։
Հիշեցվել է նաև, որ 2026 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում «Գյուղի աջակցության ծրագրի» իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 922 000 լարի, որը կուղղվի համայնքների համար կարևոր ենթակառուցվածքային և սոցիալական նախագծերի իրականացմանը։
