Ախալքալաքի մշակույթի տանը կայացել է միջազգային պարի և երգի առաջին փառատոնը, որը համախմբել է տեղական և արտասահմանյան ստեղծագործական խմբերին՝ վերածվելով մշակութային նշանակալի իրադարձության մունիցիպալիտետի կյանքում։
Միջոցառմանը ներկա են գտնվել Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։
Փառատոնն անցկացվել է Ախալքալաքի քաղաքապետարանի աջակցությամբ և Ակումբների միավորման ղեկավար Վալիկո Կսպոյանի նախաձեռնությամբ ու կազմակերպմամբ։ Ախալքալաքում առաջին անգամ կազմակերպված այս միջազգային մշակութային միջոցառմանը, տեղական համույթներից և կատարողներից բացի, մասնակցել են նաև հարևան երկրներից ժամանած ստեղծագործական խմբեր և մենակատարներ։
Երաժշտական երեկոյի ընթացքում բեմ են բարձրացել վիրտուոզ պարողներ և երգիչներ, որոնք հանդիսատեսին ներկայացրել են բազմազան, ինքնատիպ և բարձրարվեստ կատարումներ՝ ստեղծելով տոնական ու անմոռանալի մթնոլորտ։
Փառատոնի ավարտին քաղաքապետ Մելքոն Մակարյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շնորհակալագրեր և խորհրդանշական նվերներ են հանձնել մասնակիցներին՝ երախտագիտություն հայտնելով մշակութային համագործակցության ամրապնդման և միջոցառման հաջող անցկացման գործում ունեցած ներդրման համար։
Նշվել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են մշակութային կապերի ընդլայնմանը, ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը և Ախալքալաքի՝ որպես միջազգային մշակութային համագործակցության հարթակի ճանաչելիության բարձրացմանը։
