Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է Ախալքալաքի մարզիկ, հաջողակ բռնցքամարտիկ և խառը մարտարվեստի վարպետ Նաիրի Մելիքյանին՝ արժևորելով նրա միջազգային և ազգային մարզական նվաճումները։
Նաիրի Մելիքյանը մարզական հարուստ կենսագրություն ունի․ նա բռնցքամարտի և խառը մարտարվեստի կրկնակի Եվրոպայի և կրկնակի Ասիայի չեմպիոն է, Վրաստանի քառակի և Հայաստանի հնգակի չեմպիոն։
Հատկանշական է, որ մարզիկը շարունակում է իր գործունեությունը հայրենի Ախալքալաքում՝ աշխատելով մարզական համալիրում և մարզադպրոցում որպես բռնցքամարտի մարզիչ։ Իր մարզական հաջողություններով նա բազմիցս արժանապատվորեն ներկայացրել է Վրաստանը միջազգային մրցաշարերում՝ նպաստելով նաև երիտասարդ մարզիկների նոր սերնդի ձևավորմանը։
Հանդիպման ընթացքում Նաիրի Մելիքյանը քաղաքապետ Մելքոն Մակարյանին նվիրել է հուշանվեր մարզական գոտի՝ որպես փոխադարձ հարգանքի և համագործակցության խորհրդանիշ։ Իր հերթին քաղաքապետը մարզիկին հանձնել է խորհրդանշական նվեր՝ բարձր գնահատելով նրա նվաճումներն ու ներդրումը սպորտի զարգացման գործում։
Մելքոն Մակարյանը շնորհակալություն է հայտնել Նաիրի Մելիքյանին՝ Ախալքալաքը և Վրաստանը միջազգային հարթակներում արժանապատվորեն ներկայացնելու, ինչպես նաև երիտասարդների շրջանում սպորտի զարգացմանն ուղղված գործունեության համար։ Քաղաքապետը շնորհավորել է մարզիկին ձեռք բերած հաջողությունների կապակցությամբ և մաղթել նոր հաղթանակներ ու շարունակական հաջողություններ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև քաղաքապետի տեղակալներ Թեյմուրազ Մճեդլիձեն և Մկրտիչ Մղդեսյանը։
