Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են Մաջադիա–Թոթխամ–Կորխ գյուղերը միմյանց կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին և իրականացված ծրագրի արդյունքներին ծանոթացել են Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը։
Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Ախալքալաք–Բակուրիանի ներքին պետական ճանապարհից դեպի Մաջադիա, Թոթխամ և Կորխ գյուղեր տանող ճանապարհահատվածում և տևել են երկու տարի։
Ծրագրի շրջանակներում ամբողջությամբ վերականգնվել է ճանապարհի 4,5 կիլոմետրանոց հատվածը։ Ճանապարհի անվտանգությունն ու շահագործման պայմանները բարելավելու նպատակով կառուցվել են ջրահեռացման համակարգեր, ինչպես նաև տեղադրվել են անհրաժեշտ ճանապարհային նշաններ։
Իրականացված աշխատանքների արդյունքում զգալիորեն բարելավվել են գյուղերի բնակիչների տեղաշարժի պայմանները, ինչպես նաև ավելացել է տրանսպորտային հասանելիությունը։
Ծրագիրն իրականացվել է Տարածաշրջաններում իրականացվող նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 3 871 244 լարի։
