Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի  Խոջաբեկ գյուղում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Գյուղի բնակիչները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ նշելու հարազատ գյուղի հիմնադրման օրը։ Տարիների ընթացքում ձևավորված այս գեղեցիկ ավանդույթը վերածվել է յուրահատուկ տոնախմբության, որը բնակիչները խնամքով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են։

Տոնական օրվա մեկնարկը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին։ Հավատարիմ մնալով նախնիներից փոխանցված ավանդույթին՝ բնակիչները ուխտագնացություն են կատարել դեպի Ղալաչայի բարձունք, մոմեր վառել՝ որպես հավատքի և լույսի խորհրդանիշ, ապա ընտանիքներով, հարազատներով և ընկերներով շարունակել տոնական օրը բնության գրկում։

Տոնակատարությանը մասնակցել են նաև պաշտոնական հյուրեր Նինոծմինդայից և Ախալքալաքից, որոնք իրենց ներկայությամբ կիսել են խոջաբեկցիների ուրախությունն ու շնորհավորել նրանց գյուղի հիմնադրման օրվա առթիվ։

Օրվա տոնական մթնոլորտն առավել վառ ու հիշարժան են դարձրել մշակութային ելույթները։ Ներկաների համար հանդես են եկել Նինոծմինդայի մշակույթի տան սաները՝ իրենց գեղեցիկ կատարումներով, ինչպես նաև Երևանից հատուկ ժամանած հայտնի և սիրված արտիստները։

Երգով, երաժշտությամբ, ավանդույթներով և համատեղ տոնախմբությամբ Խոջաբեկի բնակիչները ևս մեկ անգամ ընդգծել են իրենց կապը հարազատ գյուղի, նրա պատմության և միմյանց հետ՝ պահպանելով սերունդներին միավորող գեղեցիկ ավանդույթը։