Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը ծանոթացել են Կոթելիա գյուղում հրապարակի կազմակերպման և բարեկարգման աշխատանքներին։
Ենթակառուցվածքային նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից և հարմարավետ հանրային տարածք, որը նախատեսված կլինի ինչպես բնակիչների հանգստի, այնպես էլ երեխաների ժամանցի համար։
Նախագիծը ներառում է բաց տաղավարի կառուցում, մանկական ժամանցային ատրակցիոնների տեղադրում, տարածքի կանաչապատում, հետիոտնային արահետների սալարկում, արտաքին լուսավորության համակարգի տեղադրում, ինչպես նաև հրապարակի համապատասխան ենթակառուցվածքներով կահավորում։
Նախատեսվող աշխատանքների ավարտից հետո Կոթելիա գյուղի բնակիչները կունենան բարեկարգ, լուսավորված և հարմարավետ հանրային տարածք՝ հանգստի և ժամանցի համար։
Ծրագիրն իրականացվում է տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 240 980 լարի։
