Վրաստանի դպրոցներում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարին

Վրաստանի դպրոցներում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարին

Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարին։ Նոր ուսումնական տարվա համար հանրային դպրոցներում գրանցվել է 37 733 առաջին դասարանցի։

«Կրթական ռեսուրսների» տվյալներով՝ այս տարի I, V, VII, IX և X դասարանների աշակերտները կսովորեն նոր դպրոցական դասագրքերով։

Փոփոխություններ են կատարվել նաև դպրոցական համազգեստի հարցում։ Նոր համազգեստների ներդրումը առաջին դասարանցիների համար մեկնարկել է սեպտեմբերի 1-ից։

Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեի որոշմամբ փոփոխություններ են կատարվել նաև Ազգային ուսումնական ծրագրում։

Նոր կարգի համաձայն՝ կիսամյակի ընթացքում աշակերտի գնահատումը կարող է իրականացվել երեք բաղադրիչով՝ ընթացիկ տնային աշխատանք, ընթացիկ դասարանային առաջադրանք ևամփոփիչ առաջադրանք։ Բոլոր երեք բաղադրիչներն ունեն հավասար կշիռ։

Ամփոփիչ առաջադրանքները պետք է ներառեն ստեղծագործական և համատեքստային խնդիրներ, որոնք աշակերտից պահանջում են ձեռք բերած գիտելիքների գործնական կիրառում և բարդ խնդիրների լուծում։ Դրանց թվում կարող են լինել էսսեները, նախագծերը, հետազոտական կամ դաշտային զեկույցները, ստեղծագործական աշխատանքները, տվյալների վերլուծությունը և այլ առաջադրանքներ։

Գնահատման գործընթացի օբյեկտիվությունն ու թափանցիկությունն ապահովելու համար դպրոցները պետք է նախապես մշակեն և աշակերտներին տրամադրեն գնահատման հստակ չափանիշներ։

Եթե աշակերտը բացակայության պատճառով չի կարողանում կատարել ամփոփիչ առաջադրանքը, դպրոցը պարտավոր է նրան հնարավորություն տալ լրացնելու բաց թողնված աշխատանքը։ Ամփոփիչ առաջադրանքների կատարման ժամկետներն ու ձևաչափը սահմանվում են դպրոցի ուսումնական ծրագրով։

I-IV դասարաններում, ինչպես նաև V դասարանի առաջին կիսամյակում գնահատման բոլոր բաղադրիչներում կիրառվում է միայն զարգացնող գնահատում։

Միաժամանակ, I-VI դասարաններում տնային աշխատանքի բաղադրիչը գնահատվում է բացառապես զարգացման գնահատման միջոցով։

Ազգային ուսումնական ծրագրի համաձայն՝ եթե աշակերտի տարեկան գնահատականը որևէ առարկայից 5.0-ից ցածր է, դպրոցը պարտավոր է աշնանային քննությունից առաջ նրան առաջարկել վերականգնողական ծրագիր։

Վերականգնողական ծրագիր նախատեսվում է նաև հոսպիտալացման հետևանքով ուսումնական դժվարություններ ունեցող աշակերտների համար։ Այդ դեպքում դպրոցը պարտավոր է ապահովել համապատասխան վերականգնողական ծրագիր և/կամ տնային ուսուցման հնարավորություն։

Նոր ուսումնական տարվա փոփոխությունների նպատակն է, ըստ Ազգային ուսումնական ծրագր, գնահատման գործընթացը դարձնել ավելի համակարգված, թափանցիկ և ուղղված աշակերտների գիտելիքների գործնական կիրառման ու զարգացմանը։