«Armeno-Georgica» կոնգրեսը բարձր մակարդակի գիտական ֆորումի օրինակ է, որը մենախոսությունը վերածում է արդյունավետ երկխոսության․ Լավրենտի Ջանաշվիլի

«Armeno-Georgica» կոնգրեսը  բարձր մակարդակի գիտական ֆորումի օրինակ է, որը մենախոսությունը վերածում է արդյունավետ երկխոսության․ Լավրենտի Ջանաշվիլի

Սեպտեմբերի 2-4-ը Երևանում անց է կացվել հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսը։

Թեմայի շուրջ մեր խմբագրության հարցերին է պատասխանում  Լավրենտի Ջանաշվիլին (Թբիլիսիի Իվ․Ջավախիշվիլիի անվան Պատմության և ազգագրության ինստիտուտ)։

— Պարոն Լավրենտի, սեպտեմբերի 2–4-ը Երևանում անցկացված հայ-վրացական պատմական ու մշակութային փոխազդեցությունների համապարփակ ուսումնասիրությանը նվիրված «Armeno-Georgica․ Հայ-վրացական պատմամշակութային առնչություններ․ հնագույն ժամանակներից մինչև նոր շրջան» միջազգային կոնգրեսի բացմանը նշվեց, որ ներկայումս ավելացել են հակագիտական դրսևորումները։ Ըստ Ձեզ՝ որո՞նք են այսօր հայ-վրացական պատմամշակութային հարաբերությունների աղավաղման հիմնական պատճառները, և ինչպե՞ս է այս գիտաժողովն օգնում հակազդելու դրանց։

— Ընդհանուր առմամբ, հարևան երկրների անցյալը ամենուր և միշտ պատմաբանների բանավեճերի, կարծիքների տարբերության և իրադարձությունների միանշանակ չմեկնաբանման առարկա է։ Այս առումով բացառություն չեն նաև վրացի և հայ գիտնականները։ Այնուամենայնիվ, եթե ուշադրություն դարձնենք խեղաթյուրված պատկերացումների առաջացման պատճառներին, պետք է առանձնացնենք մի քանի գործոն։ Ժամանակ առ ժամանակ առանձին հետազոտողների կողմից խնդրահարույց թեմաների շուրջ քննարկումները երկկողմանի երկխոսության փոխարեն ստանում էին մենախոսության բնույթ։

Աշխատությունները գրվում էին բացառապես ներքին լսարանի համար, ինչը նպաստում էր հարևան ժողովրդի պատմական անցյալի վերաբերյալ սխալ և կարծրատիպային պատկերացումների տարածմանը։ Այս գործընթացին հաճախ գումարվում էին երրորդ պետությունների (Ռուսաստանի, Թուրքիայի և այլն) աշխարհաքաղաքական շահերը։ Այս կայսերական շահերում քիչ տեղ ուներ ներկովկասյան համախմբումը, որը կարող էր հենց ընդհանուր մշակութային-պատմական հիմքերի վրա հիմնված լինել։

Բնական է, որ ո՛չ վրացի, ո՛չ էլ հայ հետազոտողները եվրոպացի կամ ռուս գործընկերների կարծիքներն այնքան սուր ու զգացմունքային չէին ընկալում, որքան անմիջապես միմյանցինը, ինչը հաճախ էր դառնում անհամաձայնության պատճառ։ Այնուամենայնիվ, մենք ունենք լավագույն օրինակներն այն բանի, որ նույնիսկ թեժ բանավեճերի պայմաններում իսկական գիտնականները կարողանում էին պահպանել բարյացկամությունն ու ակադեմիական հարգանքը։ Դրա փայլուն նմուշն են Զազա Ալեքսիձեի և Պարույր Մուրադյանի մասնագիտական ու անձնական փոխհարաբերությունները։ Հենց ակադեմիական շրջանակների սերտ կապը, բաց քննարկումն ու առողջ ընդդիմախոսությունն են հակագիտական տենդենցների հաղթահարման հիմնական ուղին։

Երևանյան «Armeno-Georgica» կոնգրեսը հենց այդպիսի բարձր մակարդակի գիտական ֆորումի օրինակ է, որը մենախոսությունը վերածում է արդյունավետ երկխոսության։

— «Երբ հարցը քննվում է գիտական դաշտում, այն դադարում է բանավեճի առարկա դառնալ հասարակական դաշտում»։ Ի՞նչ գործնական քայլեր են անհրաժեշտ, որպեսզի այս կոնգրեսում արձանագրված գիտական փաստերը հասանելի դառնան նաև լայն հասարակությանը (դպրոցական դասագրքեր, մեդիա, հանրամատչելի նախագծեր):

—  Կոնգրեսում արձանագրված գիտական փաստերը լայն հասարակությանը հասցնելը և դրանց վերափոխումը հասարակական գիտակցության մեջ բավականին բարդ, երկարատև ու համալիր խնդիր է։ Նմանատիպ միջոցառումների պարբերական կազմակերպումն ու դրանց լուսաբանումը մեդիայով միայն առաջին, սկզբնական քայլերն են։ Այս գործընթացում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են մի քանի հիմնարար և գործնական մոտեցումներ։ Մասնավորապես, նախևառաջ, թե՛ վրացական, թե՛ հայկական հասարակությունում աստիճանաբար պետք է փոխվի անցյալի օգտագործմամբ քաղաքական դիվիդենտներ ստանալու պատկերացումը։ Պատմությունը պետք է ընկալենք որպես գիտություն և ոչ թե որպես ժամանակակից քաղաքական պայքարի գործիք։ Հետևաբար, պետք է կարողանանք ավարտին հասցնել պատմության գործիքականացումը։

Դպրոցական մակարդակում պետք է հանրայնացվի այն հիմնարար դրույթը, որ պատմությունը օբյեկտիվ գիտություն է, որը հիմնված է աղբյուրների բարեխիղճ մեկնաբանման վրա։ Ձեռնարկներում հստակորեն պետք է սահմանազատվեն ակադեմիական անցյալն ու արդիականությունը. դարեր առաջ գոյություն ունեցող իրականությունը կամ տարածքների պատկանելության հարցը ոչ մի դեպքում չպետք է դառնա այսօր առկա քաղաքական իրականության և սահմանների վերանայման պատճառ։ Այն բանի համար, որ գիտական փաստերը փոխարինեն հասարակական բանավեճերին, անհրաժեշտ է հասարակությանը մատուցել ոչ թե չոր, այլ հետաքրքիր, օբյեկտիվ և փոխադարձաբար համաձայնեցված փաստեր։ Միայն կրթական համակարգի և հասարակական ընկալման նման համալիր վերափոխմամբ է հնարավոր, որ պատմական հարցերը մնան հետազոտողների աշխատասենյակներում և այլևս չդառնանազգայնական սպեկուլյացիաների առարկա հասարակական դաշտում։

—Կոնգրեսին մասնակցում են մասնագետներ 10-ից ավելի երկրներից (Ճապոնիա, Ֆրանսիա, Գերմանիա և այլն): Ի՞նչն է հատկապես գրավում միջազգային գիտական համայնքին հայ-վրացական առնչությունների ուսումնասիրման գործում, և ինչպիսի՞ն է նրանց հայացքը դրսից:

— Միջազգային գիտական հասարակության կողմից նման լայն հետաքրքրությունը (Ճապոնիայից մինչև Եվրոպա) լիովին տրամաբանական է և օրինաչափ։ Կովկասյան տարածաշրջանը հնագույն ժամանակներից եղել է գլոբալ մշակութային-պատմական և քաղաքական գործընթացների կենտրոնում։ Այստեղ միմյանց են հատվել արևելյան և արևմտյան քաղաքակրթությունները, ինչը ծնել է եզակի էթնիկ ու կրոնական բազմազանություն։ Տարածաշրջանի պատմությամբ հետաքրքրվող հետազոտողի համար սա իրական գանձ է։

Վրաստանը և Հայաստանը աշխարհում առաջին քրիստոնեական պետություններն են։ Այս ընդհանուր ինքնությունը դարերի ընթացքում նրանց միջև ձևավորել է չափազանց սերտ, դինամիկ և ըստ դարաշրջանների յուրահատուկ պատմամշակութային հարաբերություններ, ինչը գլոբալ քրիստոնեական մշակույթի համատեքստում եզակի երևույթ է։ Ինչ վերաբերում է դրսից տեսնվող հայացքին և դրա նշանակությանը, օբյեկտիվ հետազոտության տեսանկյունից միջազգային գիտնականների ներգրավվածությունը անգնահատելի է։ Արտաքին հետազոտողները հաճախ զուրկ են այն զգացմունքային կամ ազգայնական կողմնակալություններից, որոնք երեմն բնորոշ են տարածաշրջանի հետազոտողներին, ինչն էլ օգնում է մեզ մեր իսկ պատմությանը նայել ավելի լայն, գլոբալ համատեքստում։