Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները մասնակցել են քաղաքապետարանի «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնում կազմակերպված ամենամյա ամփոփիչ միջոցառմանը և հաջողակ աշակերտների պարգևատրման արարողությանը։
«Ապագայի տուն» ուսումնական կենտրոնի հիմնական առաքելությունն է մունիցիպալիտետում բնակվող դեռահասներին և երիտասարդներին ապահովել ոչ ֆորմալ կրթության բազմաբնույթ հնարավորություններով։ Կենտրոնում գործում են ձեռարվեստի, լեզուների և ստեղծագործական զարգացման ծրագրեր, որոնց շրջանակում սաները սովորում են հյուսել, ասեղնագործել, կարել, պատրաստել տիկնիկներ և ուլունքագործական իրեր, ինչպես նաև տիրապետում են վրացերենին, հայերենին, անգլերենին և ֆրանսերենին։
Սովորողների առաջընթացի գնահատման և ուսումնական գործընթացի շարունակական կատարելագործման նպատակով կենտրոնում ամեն տարի անցկացվում են ամփոփիչ քննություններ, որոնց արդյունքներով ընտրվում են լավագույն աշակերտները։
Միջոցառման ընթացքում Մկրտիչ Մղդեսյանը և Ռուբեն Պալյանը շնորհակալագրեր, դիպլոմներ և խորհրդանշական նվերներ են հանձնել ամփոփիչ թեստավորման արդյունքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին և նրանց ուսուցիչներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրումն ու ձեռքբերումները։
Նշվել է, որ «Ապագայի տունը» կարևոր դեր է կատարում մունիցիպալիտետի երիտասարդների կրթության, ստեղծագործական զարգացման և ինքնադրսևորման գործում՝ նպաստելով նրանց գիտելիքների ընդլայնմանն ու նոր հմտությունների ձևավորմանը։
Միջոցառման ավարտին տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները խոսել են ուսումնական կենտրոնի նշանակության մասին, շնորհակալություն հայտնել մանկավարժներին և կենտրոնի ղեկավար Սաթենիկ Մահտեսյանին՝ տարիների նվիրված աշխատանքի համար, ինչպես նաև հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
