Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, ինչպես նաև Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպմանն աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման կարևորությունը։ Անդրադառնալով թանգարանային ոլորտին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների ազգային թանգարանների միջև կապերի ամրապնդումն ու համատեղ ցուցահանդեսների կազմակերպումը։

Քննարկվել են նաև ժամանակակից արվեստի և կինոյի ոլորտներում համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Կողմերը վերահաստատել են մշակույթի ոլորտում համագործակցությունը շարունակելու և համատեղ նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամությունը։

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում Թբիլիսիում նախատեսված են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը, ինչպես նաև «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճարը» խորագրով ցուցահանդեսի բացումը։